Զելենսկին պետք է հեռանա Ուկրաինայից, բնակություն հաստատի մի երկրում, որը ներգրավված չէ ուկրաինական հակամարտության մեջ, և այնտեղ համաներում ստանա՝ հայտարարել է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը։
Այսպես է գործարարը մեկնաբանել X սոցիալական ցանցում օգտատերերից մեկի հաղորդագրությունն այն մասին, որ Զելենսկին, ուկրաինական հակամարտության ավարտից հետո, հավանաբար կպարտվի ընտրություններում և կհայտնվի ճաղերի հետևում՝ կոռուպցիոն գործով։ Ինչպես նշել է Մասկը՝ Զելենսկին բռնապետ է, ով, հանուն իշխանության, «անմեղ ուկրաինացիներին ուղարկում է մսաղաց»։ Կարծում եմ՝ կասկած չկա այլևս, որ սա աշխարհի ամենահին դեմոկրատական պետության՝ ԱՄՆ-ի իշխող վարչակարգի պաշտոնական գնահատականն է ուկրաինական վարչակարգի մասին, որին Հայաստանի փորձանքագետները որակում են որպես դեմոկրատիայի առաջամարտիկ և հակադեմոկրատական Ռուսաստանի զոհ: Ինչքան հասկանում եմ՝ կոռուպցիան և մսաղացը դեմոկրատիայի հետ կապ չունեն: Պատմության ողջ ընթացքում իրական դեմոկրատիաների գերնպատակը միշտ էլ եղել է պատերազմների կանխումը՝ բոլոր հնարավոր միջոցներով: Դեմոկրատ առաջնորդը, որպես կանոն, միշտ ընտրում է այն ուղին և լուծումը, որը հնարավորություն է տալիս, թեկուզ և կորուստներով, կանխելու պատերազմը, հատկապես այն դեպքում, երբ դրա շահառուն ավելի շատ արտաքին դերակատարներն են: Կարճ ասած՝ այսուհետ Զելենսկին քաղաքականապես լրիվ սպառված է, առանց ԱՄՆ-ի պատերազմի շարունակումը՝ մսաղացի շարունակում է: Եվրոպան չի կարող ֆինանսավորել այս պատերազմը, որովհետև Հունգարիան և Սլովակիան արգելափակում են այս մասին ԵՄ բոլոր որոշումները: Հնարավոր է, որ նրանց միանան ԵՄ անդամ նոր պետություններ:
Գարիկ Քեռյան